Հայաստանում դեռ հստակ չեն ձեւակերպվել գերակա ռազմավարական նպատակները, դեռ չեն բացահայտվել մրցակցային առավելությունները, իսկ առանց դրա մենք չենք կարող չափորոշիչներ դնել: Այսօր` հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով, միայն այդ նպատակներն ու ուղղությունները ճշտելուց հետո կկարողանանք ճիշտ օգտագործել մեր մարդկային եւ այլ ռեսուրսները:

«Մեկ կամ երկու ճյուղի խիստ անկումը կարող է զգալի ազդել տնտեսական վիճակի վրա: Ժամանակին ադամանդագործության անկումը կտրուկ իջեցրեց ՀՆԱ-ն»,- ասաց նա:

NEWS.am-ի թղթակից հարցին, թե իր կարծիքով որքան կկազմի ՀՆԱ-ի աճը 2010-ին, Մանասերյանը պատասխանեց. «Կցանկանայի, որ աճը երկնիշ թիվ լիներ: Կանխատեսումներ անել չեն կարող, որովհետեւ տնտեսությունը մնում է խոցելի եւ կախված արտաքին ազդակներից: Համաշխարհային շուկայում փոքր տատանումները կարող են լինել սպառողի հաշվին: Կանխատեսումն այս պարագայում անհնար է: 8,8 տոկոս աճի տեմպերից հետո եթե մեկն ասեր, որ այդ ցուցանիշը կիջնի 2,8, նա կհամարվեր ամենաընդդիմադիր գործիչը, բայց փաստ է, որ այժմ իջել է»:

Այնուհետեւ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, Մանասերյանը կարծիք հայտնեց, որ եթե լիներ մշակված քաղաքականություն, հնարավոր կլիներ խուսափել եղանակային պայմանների հարուցած խնդիրներից:

«Ոլորտը շատ ծանր վիճակում է: Որպես պետություն պետք է հարց տանք, պե՞տք է, արդյոք, գյուղատնտեսություն: Եթե այո, ապա մի ոլորտ, որտեղ զբաղված է բնակչության գրեթե կեսը, բայց տվել է ՀՆԱ միայն 20 տոկոսը, դա վկայում է անարդյունավետ քաղաքականության մասին: Կան ռեզերվներ, որոնք պետք է ճիշտ օգտագործվեն, որպեսզի անկախ բնալիմայական պայմանններից գյուղացին իրեն կարողանա պաշտպանված զգալ»,- ընդգծեց տնտեսագետը: