Թուրքիայում ադրբեջանցուն շանտաժի են ենթարկել վարկաբեկիչ լուսանկարներով: Վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները՝ haqqin.az-ը հայտնում է, որ ադրբեջանցի Մուսթաֆա Թ.-ն, որը տեքստիլ բիզնեսով է զբաղվում, Ստամբուլի ոստիկանության օգնությանն է դիմել՝ բողոքելով իրեն շանտաժի ենթարկած անձանց դեմ:
Նա ասել է, որ ամեն ինչ սկսվել է նախկինում Ադրբեջանում իր խանութում աշխատած ադրբեջանուհի Լատիֆայի զանգից: Հայրենակցուհին ասել է, որ Սաբրինա անունով մի ուզբեկուհի, որի մայրը մեծահարուստ է եւ Ամերիկայում է բնակվում, իբրեւ ցանկանում է բիզնես կազմակերպել, եւ ցանկացել է մեզ ծանոթացնել: «Ես հանդիպման գնացի: Լատիֆան եւ Սաբրինան շքեղ մեքենայով էին եկել: Սաբրինան հայտարարեց, որ իր մայրը հիմա Սաիերում է, եւ առաջարկեց նրա մոտ գնա: Միասին գնացինք նրա վիլլա»,- պատմել է տուժողը:
Հետագա իրադարձություններն այնքան էլ հասկանալի չեն: Թուրքական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ երբ տղամարդն ու երկու կանայք վիլլայում են եկել, դիմակավորված երեք զինված մարդ տուն են մտել եւ նրանց պատանդ վերցրել: Այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ զինված մարդիկ երկուսն են եղել: Որոշ կայքեր էլ գրում են, որ պատանդ են վերցվել երկու կանայք, իսկ բիզնեսմենին ատրճանակի սպառնալիքով ստիպել են հանվել, որից հետո մերկ կանանց հետ վակաբեկիչ տեսահոլովակ են նկարահանել եւ լուսանկարել: Մեկ այլ վարկածով հոլովակում միայն մերկ Մուսթաֆան է երեւում: Վերջնարդյունքը մեկն է՝ ադրբեջանցուց փող են պահանջել, հակառակ դեպքում հանցագործները սպառնացել են հոլովակը համացանցում տարածել:
Այնուհետեւ պատմությունը կրկին զարգացման երկու ճյուղավորում է ստանում: Աղբյուրներից ոմանք հայտնում են, որ Մուսթաֆան ընկերներին է զանգահարել եւ խնդրել փողը բերել, որոնցից մեկը հանցագործներին է փոխանցել 10 հազար թուրքական լիրա: Փողը ստանալուց հետո բիզնեսմենն ու երկու կանայք ազատ են արձակվել: Բայց հաջորդ օրը Մուսթաֆային կրկին են զանգահարել եւ 10 հազար դոլար պահանջել: Այլ աղբյուրներում զգալիորեն ավելի մեծ գումարի մասին է խոսվում՝ 1 մլն լիրայի: Հաղորդվում է նաեւ, որ բիզնեսմենին պարտադրել են ինչ-որ թուղթ ստորագրել:
Ամեն դեպքում, ադրբեջանցին խոստացել է վճարել, եւ բանդիտների հետ հանդիպում է նշանակել, ապա այդ մասին ոստիկանությանն է հայտնել: Փողը փոխանցելու պահին իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են շանտաժիստներից մեկին՝ 25-ամյա Շահին Քեմալին: Այնուհետեւ բռնել են երկրորդ հանցագործին՝ 27-ամյա դաղստանցի Տյուրել Բ.-ին:
Ցուցմունքներ են վերցվել նաեւ կանանցից: Ադրբեջանուհին հայտարարել է, որ Սաբրինան խնդրել է իրեն ծանոթացնել բիզնեսմենի հետ: Նա պնդել է, որ ընդամենը միջնորդ է եղել եւ ոչ մի բանում մեղավոր չէ: Պարզվել է, որ Սաբրինայի մայրն իսկապես ԱՄՆ-ում է ապրում եւ բավական հարուստ է: Ուզբեկուհին հայտարարել է, որ ընկերն իրեն սպառնացել է եւ հարկադրել բիզնեսմենին ծուղակի մեջ գցել: Արդյունքում՝ 23-ամյա Լատիֆան եւ 22-ամյա Սաբրինան եւս կալանավորվել են, նրանց գործը դատարան է ուղարկվել:




























