«Սասնա ծռերի» ճանապարհային քարտեզի նպատակն է ցույց տալ, թե շարժումն ուր է գնալու, ինչ է ստեղծելու, եւ ինչ երաշխիքներ են լինելու ազգային, ժողովրդավար պետության ստեղծման համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասել է շարժման համակիր, ազատազրկված Կյուրեղյան եղբայրների հայր Արմենակ Կյորեղյանը։

«Այս ճանապարհային քարտեզն ուղղված է միայն նրան, որ ցույց տա, թե շարժումն ուր է գնալու, ինչ է ստեղծելու, եւ ինչ երաշխիքներ են լինելու ազգային, ժողովրդավար պետության ստեղծման համար։ Ծրագրում նշված է, որ այն ենթակա է քննարկման, եւ առաջարկություններ ունեցող քաղաքացիները կարող են «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում գրել իրենց առաջարկները»,-ասել է Արմենակ Կյուրեղյանը։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը շեշտել է, որ երկրում իշխանափոխության խնդիր կա, ինչպես նաեւ հայկական պետություն ստեղծելու, ինչի նպատակով էլ ստեղծվել է իրենց ճանապարհային քարտեզը։ 

«Փաստաթուղթը ներառում է երեք կարեւոր կետ. Ինքնիշխան երկիր դառնալ՝ ապագաղութանալ, Արցախի հարցը լուծել, այսինքն՝ իրավական ճանապարհով միավորել Հայաստանին, կենսունակ երկիր ունենալու նախադրյալներ: Եթե այս երեքը չամբողջացվեն, սովորական իշխանափոխությունը քիչ բան կփոխի: Իշխանափոխությունից հետո պետք է երեք կարեւոր նպատակներն իրականացվեն, ու միայն դրանից հետո մենք կարող ենք ասել, որ ունենք նոր հանրապետություն։ Տրամաբանականորեն պատկերացվում է երկու փուլ. Իշխանափոխության իրականացում ու դրանից հետո երկու տարվա տեւողությամբ անցումային փուլ, որի ընթացքում այդ երեք նպատակները պետք է իրականացվեն»,-ասել է Ենիգոմշյանը։

Թե երբ է կյանքի կոչվելու ծրագիրը, դժվարացել է որեւէ հստակ բան ասել, իսկ դրանց իրականացման մեթոդների մասին նշել է. «Մենք գիտենք, որ մեր ժողովրդի համար արդեն վաղուց ապացուցված է, որ այս վարչախմբի օրոք ընտրություններ չկան, դրանք միշտ կեղծ են, ու առաջիկա ընտրությունն էլ կեղծ է լինելու: Հետեւաբար, հույսը դնել ընտրության միջոցով իշխանափոխության հասնելու վրա, անիրական է: Երբ ժողովրդավարական միջոցներով փոփոխություն իրականացնելն անհնար է, ժողովրդի արդար եւ լեգիտիմ իրավունքն է՝ ընդվզման ճանապարհով դրսեւորել իրենց պայքարն ու հասնել իրական փոփոխությունների: Ընդվզումը ենթադրում է քաղաքացիական անհնազանդության բոլոր լեգիտիմ միջոցները»:

Հարցին, թե եթե ժողովրդի աջակցությունը չունենան, շարունակելո՞ւ են պայքարը, ասել է. «Շարժման կայացումն ու ծավալումը չի ենթադրում միայն փողոցային ակցիաներ կազմակերպել: Դա կարեւոր մաս է, բայց կարեւոր այլ մասեր էլ կան: Մի անգամվա ակցիայի մասին չէ խոսքը, այլ շարժման մասին է խոսքը: Մենք հուլիս ամսվա ընթացքում տեսանք, որ ժողովուրդն իր ճնշումը շատ ազդու կերպով ի գործ դրեց: Եթե հիմա դա  չկա, չի նշանակում, որ չի լինելու»:

Նա  շեշտել է, որ Ժիրայր Սեֆիլյանն առաջինն է ստորագրել այդ փաստաթղթի տակ: