Որպեսզի գործերի քննությունը չդանդաղի, Հայաստանին ավելի շատ դատավորներ են պետք։ Այս մասին նոյեմբերի 1-ին ասել է Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ու պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին։

Նրա խոսքով, զարգացած եվրոպական երկրներում 100 հազար մարդուն բաժին է ընկնում 21-22 դատավոր, իսկ Հայաստանում՝ 6․7-7։ «Եթե մենք ուզում ենք, որ գործերը քննվեն ողջամիտ ժամկետներում, պետք է ավելացնել դատավորների քանակը։ Մենք ինքներս ենք ուզում, որ գործը լուծվի 1,  առավելագույնը 2 նիստի ընթացքում»,- ասել է Փոլադյանը։