Հայաստանը ղարաբաղյան հարցի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով է պատկերացնում։ Այս մասին նոյեմբերի 1-ին ասել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ այցով Երեւանում գտնվող Բելգիայի Սենատի նախագահ Քրիսթին Դեֆրենի հետ հանդիպումից հետո։

Գալուստ Սահակյանի խոսքով խորհրդարանական համագործակցության ձեւաչափով քննարկվել են քայլեր, որոնք անհրաժեշտ են հայ- բելգիական բարեկամության աշխուժացման համար։ «Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին, որն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 2015-ի վերջին, մենք քննարկել ենք նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 100 տարի անց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը հատուկ կարեւորություն ունի, քանի որ մեր օրերին մարդկությանը շարունակում է սպառնալ ցեղասպանության կրկնման վտանգը»,- շեշտել է Սահակյանը։

Բելգիայի Սենատի ղեկավար Քրիսթին Դեֆրենը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին Երեւանում ջերմ ընդունելության համար։ «Եվ այս ջերմությունը արտահայտվում է նրանով, որ ես այսօր ստացել եմ ՀՀ ԱԺ մեդալը, որը վկայում է երկու ժողովուրդների անքակտելի ու երկարամյա բարեկամության մասին։ Ես երջանիկ եմ, որ հիմա Հայաստանում եմ գտնվում։ Իմ պաշտոնական այցը ժամանակին հետաձգվել էր Բելգիայում մարտին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով։ Եվ այս իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ բարբարոսությունը շարունակում է գոյություն ունենալ մեր աշխարհում»,- նշել է Դեֆրենը։