Բրիտանիայի MI5 հակահետախուզության ղեկավար Էնդրյու Փարքերի մեղադրանքները, որը կարծում է, թե Ռուսաստանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունն ագրեսիվորեն առաջ մղել արտասահմանում՝ այդ թվում օգտագործելով ժամանակակից մեթոդներ, ոչ մի հիմք չունեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, մենք չենք կարող դրա հետ համաձայնել: Քիբերհարձակումների վերաբերյալ հայտարարությունները մենք քանիցս ենք մեկնաբանել»,- ասել է Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Փարքերի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ քանի դեռ «որեւէ մեկը ինչ-որ ապացույցներ չի ներկայացրել» ցանկացած հայտարարություն՝ լինի MI5-ի ղեկավարինը, ԱՄՆ փոխնախագահինը կամ մեկ այլ պատասխանատու անձի, «կհամարվեն մերկապարանոց եւ անհիմն»: «Մենք չենք կարող որեւէ կերպ ուշադրություն դարձնել այդ մերկապարանոց հայտարարություններին»,- հավելել է Պեսկովը: