Երեւանի քաղաքապետարանը բնակիչների սպասարկման վարձի մասին նոր օրինագիծ կմշակի: Այդ մասին նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովում լրագրողներին ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Բնակֆոնդի մասնավորեցման ժամանակ պետությունը երբեւէ չէր պարտավորեցրել քաղաքացուն՝ բնակարանը ստանալու դիմաց հոգալ դրա պահպանման ծախսերը:

«90-ականներին բնակարանն անհատույց նվիրել էին քաղաքացուն, եւ չեղավ որեւէ փաստաթուղթ, որտեղ պետությունն ասեր. «Հարգելի քաղաքացի, ես քեզ անհատույց տալիս եմ իմ կառուցած բնակարանը, բայց ահա պարտավորությունների ցանկը՝ շենքի պահպանման համար»», - նշեց Արեյանը:

Այստեղից էլ գալիս է շենքի նկատմամբ քաղաքացու անտարբերությունը ու վճարների թույլ հավաքագրումը, համոզված է փոխքաղաքապետը:

Նշենք, սակայն, որ գումարների հավաքագրման խնդիր համատիրություններն ունեն ոչ միայն բնակիչներից, այլեւ՝ ձեռնարկատերերից, ովքեր օգտագործում են շենքերի նկուղները կամ առաջին հարկերը՝ որպես խանութ, կտուրները՝ գովազդային վահանների կամ բջջային ալեավաքների համար, բայց համատիրությանը դրանից ոչինչ չեն վճարում (չնայած թե՛ նկուղը, թե՛ կտուրը շենքի բնակիչների բաժնային սեփականությունն են՝ ըստ «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքի):

Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արեյանն ասաց. «Եթե անկեղծ լինեմ, ապա այո, այս խնդիրն էլ ենք բարձրացնելու: Օրինագիծն արդեն մշակման փուլում է»: