2017 թվականին Երեւանի քաղաքապետարանը կավարտի մետրոյում նոր դրենաժի տեղադրման աշխատանքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, հայտարարել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:
Եվրոպական վարկային եւ դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով պլանավորվում է իրացնել վերջին 2,7 մլրդ դրամը (մոտ 5,7 մլն դոլար – խմբ.): Նախկինում մետրո էին թափանցում ստորգետնյա ջրեր՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում: Այժմ դրանք կուղղորդվեն «Հանրապետության հրապարակ» կայարան, իսկ այնտեղից Հրազդանի կիրճ:
Հիշեցնենք, որ նշված ծրագիրը մետրոյի արդիականացման ծրագրի 2-րդ փուլն է, որն սկսվել է 2010 թվականին: Այդ ժամանակ EBRD-ը եւ Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 5 մլն եվրոյի վարկ հատկացրեցին, իսկ Եվրամիությունը (Եվրոպական հարեւանության ներդրումների գործիքով) 5 մլն եվրոյի դրամաշնորհ:
Երկրորդ համաձայնագիրը նույն դոնորների հետ եւ նույն գումարով ստորագրվել է 2012 թվականին՝ աշխատանքները շարունակելու համար:
Ծրագրով նախատեսվում է դրենաժային թունելի ընդարձակում, որը 1998 թվականից ի վեր չի ավարտվել: Դրանից բացի, պլանավորվում է թունելների ամրացում եւ կոռոզիայից դրանց պաշտպանում:




























