Թուրքիայի նախագահը սպառնում է վերականգնել մահապատիժը եւ շարունակում է հարձակվել մամուլի ազատության վրա, գրում է Le Monde-ն:

«Եթե անհրաժեշտ լիներ սիմվոլ, որը կցուցադրեր, թե ինչ աստիճանի է էրդողանը պատրաստ հուլիսի 15-ի խռովությունից հետո հեռացնել իր երկիրը Եվրոպայից, ապա մահապատժի վերականգնումը հենց այդ տխրահռչակ օրինակը կծառայեր»,- գրում է թերթը:

«Էրդողանի համառությունը մահապատժի հարցում այն դեպքում, երբ նա գիտի, թե որքանով է դա անընդունելի ԵՄ-ի համար, ցուցադրում է եվրոպական արժեքներից հրաժարվելու նրա ցանկությունը: Մահապատիժը չեղարկվել էր 2004-ին ԵՄ օրենսդրությանը համապատասխանելու համար:

Մյուս ճակատը, որտեղ Էրդողանը խորացնում է իր եւ եվրոպացիների միջեւ անդունդը, քաղաքացիական ազատություններն են: Հոկտեմբերի 31-ի առավոտյան ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրի եւ աշխատակիցների ձերբակալությունը  լուրջ հարձակում է մամուլի ազատության դեմ»,- շարունակում է թերթը:

Շաբաթ օրը հրապարակվեց 2 հռչակագիր, որոնք ծանուցում էին ավելի քան 10 հազար աշխատակիցների աշխատանքից ազատելու  մասին: Այդ թիվը գալիս է համալրելու հուլիսի 15-ից հետո ազատված 85 հազար աշխատակիցների թիվը: «Այս աննախադեպ մեծամասշտաբ զտումն ուղեկցվում է քրդական կառույցների դեմ հարձակումներով, որոնք իշխանությունն արդարացնում է Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական գործունեության դեմ պայքարով: