Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կարող է միայն վատթարացնել վիճակը եւ խստացնել Ադրբեջանի պահանջները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի ակտիվացման հնարավորությանը՝ նա նշել է, որ Թուրքիայի համար այդ գործընթացը բավականին յուրովի է ներկայանում: «Ռուսաստանն այդքան էլ չի ձգտում ընդլայնել նրանց հնարավորություններն այստեղ, քանի որ Թուրքիան Ադրբեջանի ակնհայտ դաշնակիցն է ամեն բանում: Եվ դժվար թե կարելի է նրանցից ինչ-որ հաջող բան ակնկալել: Մյուս կողմից՝ ստացվում է, որ հենց Ադրբեջանն է թելադրում Թուրքիային իր պայմանները: Որքա՞ն էրդողանը կհանդուրժի դա»,- հարցադրում է արել Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու շրջափակումը հանելը շահավետ կլիներ Թուրքիայի համար:
Թուրքագետի խոսքով՝ դա կնշանակեր լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Էրդողանն, ըստ երեւույթին, այսպես թե այնպես կշարունակի հասնել այն բանին, որ Թուրքիային այդ գործընթացի մասնակից դարձնի: Բայց Ռուսաստանն առհասարակ մտադիր չէ այդ դաշտ նոր խաղացողներ թողնել, քանի որ դա ակնհայտ կուժեղացներ հակահայկական դիրքորոշումը: Իսկ դա ոչ մի կերպ Ռուսաստանի քաղաքականության մեջ չի տեղավորվում: Դա Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն է, քանի որ Հայաստանը մեր դաշնակիցն է, եւ այդ մոտեցումից մենք կտրականապես չենք ուզում հրաժարվել»,- եզրափակել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:



























