Հայտնի բեւեռախույզ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի առողջական վիճակը նորմալ է, այս պահին նա զբաղված է գործերով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են պատգամավորի ընդունարանից:
«Արթուր Նիկոլաեւիչի առողջական վիճակը նորմալ է, նա զբաղված է իր գործերով, այստեղ ուղղակի ինչ-որ խուճապ է առաջացել»,- ասել են նրա աշխատակազմից՝ մեկնաբանելով Չիլինգարովին հիվանդանոց տեղափոխելու մասին լուրերը: Սակայն աշխատակազմից միաժամանակ հրաժարվել են պատասխանել նրա հոսպիտալացման մասին հարցին: «Մենք նման տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունենք»,- ասել են պատգամավորի ներկայացուցիչները:
Ավելի վաղ Life-ը հայտնել էր, որ հայտնի գիտնական, օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը Մոսկվայում սուր ցավերով հոսպիտալացվել է: Ըստ մամուլի հրապարակումների՝ 77-ամյա հետազոտողի մոտ բժիշկները լուրջ հիվանդություն են ախտորոշել: Նրան ստացիոնար բուժման են վերցրել, նրա վիճակը կայուն է: Ըստ լուրերի՝ նրան մոտ ժամանակներս պետք է վիրահատեն:




























