ԱՄՆ-ը մտադիր է հետագայում աջակցել ժողովրդավարական Վրաստանի ինքնիշխանությանը եւ եվրատլանտյան ինտեգրման նրա գծին: «ԱՄՆ վարչակազմը շնորհավորում է վրացի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտի համար, որոնք եւս մեկ անգամ հաստատեցին տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների հարցում Վրաստանի առաջատարությունը»,- փոխանցում է Ամերիկայի ձայնը:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ դիտորդները ընտրարշավը գնահատել են որպես մրցունակ, որի ընթացքում հարգվել են թեկնածուների եւ ընտրողների իրավունքները:
«Մենք, սակայն, մտահոգված ենք խախտումների առանձին դեպքերի կապակցությամբ եւ կոչ ենք անում քաղաքական թափանցիկություն ապահովել, ինչպես նաեւ հանգամանորեն ու օբյեկտիվ հետաքննել նման դեպքերը»,- ասված է փաստաթղթում:
Նրանում նաեւ շեշտվում է, որ ԱՄՆ-ը հույս ունի համագործակցել Վրաստանի նոր խորհրդարանի եւ կառավարության հետ:



























