Աֆղանստանում նկատվում է թմրանյութերի արտադրության լուրջ աճ, հայտնել է ՀԱՊԿ անդամ երկրների Թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու լավատեղյակ մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Իգոր Զուբովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ Համակարգող խորհրդի 18-րդ նիստը:
Զուբովի խոսքով՝ Աֆղանստանի իրավիճակն անհանգստացնում է, քանի որ այնտեղ թմրանյութերի արտադրությունն արդյունաբերական հիմքերի վրա է դրված: «Արտադրությունը գրեթե 50 տոկոսով աճել է, իսկ մենք գիտենք, որ դա յուրատեսակ բիզնես է, քրեական տնտեսություն»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է նա՝ նշելով, որ «աճում է սինթետիկ թմրանյութերի սպառնալիքը»: «Աճում է այդ նյութերի վտանգը՝ հաշվի առելով դրանց յուրահատկությունը, մարդու կախվածությունը, օրգանիզմի համար հետեւանքները: Իհարկե, հիմնականը եղել եւ մնում է կանեփայինների խումբը, առգրավվող թմրանյութերի 70 տոկոսն այդ խմբին են պատկանում»:
Անցած դարի 80-ական թվականներին Աֆղանստանը մոլորակի զարգացող առաջատար երկրներից էր, սակայն հետագայում տեղական գյուղատնտեսությունը ձեռք բերեց ընդգծված «թմրանյութային» ուղղվածություն: 2001 թվականից Աֆղանստանում ափիոնային կակաչն աճեցվում է արդյունաբերական մասշտաբներով, այդ ժամանակից ի վեր երկիրը համարվում է ափիոնային թմրանյութերի արտադրության համաշխարհային առաջատար:



























