Ամուսնու արտամուսնական կապից ծնված երեխային սպանելու մեջ կասկածվող ադրբեջանուհու կալանքի ժամկետը երկարաձգել են: Ադրբեջանի 25-ամյա քաղաքացուհուն ձերբակալել է ռուսական Իվանովո քաղաքում: Ըստ haqqin.az-ի՝ հոգեկան-հոգեբանական փորձաքննություններ են նշանակվել:

Սեպտեմբերի 2-ին կինը Իվանովոյի շենքերից մեկի մուտքից մանկասայլակից առեւանգել է երկու տարեկան երեխային, իսկ երեկոյան փոքրիկ Յանայի մարմինը հայտնաբերել են Խարինկա պարկի գետում: Նույն օրը ձերբակալել են Ադրբեջանի 25-ամյա քաղաքացուհուն. երեխան նրա ամուսնու արտամուսնական դուստրն էր:

Կինը չի ընդունել մեղքը, չնայած նրա դեմ ապացույցները բազմաթիվ են: Մուտքերից մեկի մոտ տեղադրված տեսահսկման խցիկներն արձանագրել են, թե ինչպես է նա փոքրիկ Յանայի ձեռքից բռնած տանում գետի ուղղությամբ:

Կնոջը մեղադրանք են առաջադրել առեւանգմամբ ուղեկցված անչափահաս երեխայի սպանության համար: Նրան մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: