Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում կլինեն քաղբանտարկյալ լրագրողներ:

«Հանրային ցանկացած ցնցումներն ուղղակի հնարավորություններ են ռեժիմի իրական պատկերը բացահայտելու համար, այս ժամանակ է պարզվում՝ իշխանությունն ինչպիսի դիրքերում է: Մինչեւ Սահմանադրական հանրաքվեն՝ ես կարծում էի, որ մենք լրիվ ավտորիտար չենք, սակայն դրանից հետո համոզվեցի, որ լրիվ ավտորիտար ենք: Վերջին 16 տարիների ընթացքում 200-ից ավելի դեպք է եղել, երբ խոչընդոտել են լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը, սակայն միայն 4 դեպքով է պատշաճ քննություն անցկացվել: Կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ քաղբանտարկյալ լրագրողներ կունենանք»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Լրագրողների նկատմամբ բռնություններն ու իրավախախտումները Հայաստանում. անդրադարձ 2016-ին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Լեւոն Բարսեղյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես համակարծիք է Լեւոն Բարսեղյանի հետ: Ըստ Աշոտ Մելիքյանի, եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները չդիմադրեն, չպայքարեն իրենց ոտնահարված իրավունքների համար, չի բացառվում՝ իրավապահները մի օր էլ թմրանյութ գցեն լրագրողի գրպանն ու հայտարարեն, թե վաճառում էր կամ օգտագործում:

«Ժամանակն է վերջ տալ այն վայրագություններին, որոնք արվում են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, պետք է վերջ տալ անպատժելիության մթնոլորտին, արդյունավետ միջոցներով պայքարել, ոչ թե ներողություն խնդրել եւ հորդորել մոռանալ: Եթե մենք բոլորս այս ամենին չդիմադրենք, կարող է եւ սուտ մատնություն արվի լրագրողների դեմ: Իշխանությունները պետք է տեսնեն, որ մարդիկ պայքարում են, չեն մոռանում, ներողությունները չեն ընդունվում, քանի մեղավորները չեն պատժվել»,- նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները կավելանան, քանի քաղաքական գործիչները ձեռք չեն բերել ներքին կուլտուրա՝ պատասխանելու լրագրողների նույնիսկ ամենասուր հարցերին: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, սակայն, կարծում է՝ այդ քաղաքական գործիչների հոգեբանությունը պետք է փոխվի. միայն միջազգային կազմակերպություններին անդամագրվելը եւ տարբեր կոնվենցիաներ ստորագրելը հարցի լուծում չէ: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ քաղաքակիրթ երկրները վաղուց արդեն հասել են խոսքի ազատության, իսկ Հայաստանում դեռ պետք է հոգեբանություն փոխել:

«Քաղաքակիրթ երկրներն արդեն հասել են այն հոգեբանությանը, որ ոչ թե պետք է կոծկել հարվածը, այլ չանել, իսկ մեզ մոտ հակառակն է՝ անում են, հետո փորձում կոծկել հարվածը, որովհետեւ այդ նույն քաղաքական գործիչը, որը համոզված է՝ ինքը հարգանք ունի իր հպատակների մոտ, իրեն թագավոր է զգում, մեկ էլ իրեն դիմադրում են, իսկ ո՞վ է դիմադրում. լրագրողները»,- ավելացրեց Ավետիք Իշխանյանը:

Նշենք, որ միայն հուլիսյան դեպքերի ժամանակ խոչընդոտվել է լրատվամիջոցների 27 ներկայացուցիչների գործունեությունը: