Հարավային Կորեայի դատախազությունը թույլատվություն է պահանջել նախագահ Պակ Կին Խեի գուշակուհի ու մտերիմ ընկերուհի Չխվե Սուն Սիլին կալանավորելու համար՝ նրա շուրջ բարձրացած աղմուկի պատճառով, հայտնում է «Յոնհափ» գործակալությունը։

Հոկտեմբերի 31-ին կնոջը ձերբակալել են, նրան կասկածում են պետական գործերին միջամտելու մեջ։ Նաեւ կասկածում են, որ նա օգտագործել է իր ազդեցությունը, ստիպելով խոշոր հարավկորեական կորպորացիաներին բազմամիլիոն նվիրատվություններ անել իր հետ առնչություն ունեցող երկու հիմնադրամներին։

Երկրի իշխանությունները վախենում են, որ ազատության մեջ մնալու դեպքում 60-ամյա կինը կարող է ազդել հետաքննության ընթացքի վրա։

Նա անցած հանգստյան օրերին է Եվրոպայից ժամանել հարցաքննության համար և  հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները։

Չխվե Սուն Սիլը Չխվե Տխե Մինի դուստրն է,  որը երկրում շամանական պաշտամունքի առաջնորդն է։ Պակ Կին Խեն նրանց ընտանիքի հետ մտերմացել է այն բանից հետո, երբ 1974-ին սպանվել է ապագա նախագահի մայրը։

Սեուլում ուժգնանում է սկանդալը, որի հետևանքով նախագահին  իմփիչմենթի ենթարկելու սպառնալիք է ստեղծվել։ Նրան մեղադրում են իրեն աղանդավորներով ու գուշակներով շրջապատելու մեջ, որոնք կարող էին իմանալ պետական գաղտնիքներն ու ազդել պետության քաղաքական կուրսի վրա։