Համբուրգում դատարանը սկսել է քննել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնավոր հայցը գերմանացի հեռուստահաղորդավար ու երգիծաբան Յան Բեմերմանի դեմ՝  Էրդողանի մասին բանաստեղծության տարածման ամբողջական արգելքի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Գերմանացի երգիծաբան ու հեռուստահաղորդավար Բեմերմանը մարտի 31-ին երգիծական հաղորդման եթերում Էրդողանի հասցեին բանաստեղծություն էր կարդացել, որում նախագահին վերագրում է սեռական այլասերվածություններ ու հանցագործություններ ազգային փոքրամասնությունների ու ընդդիմության դեմ։ Ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը Բեռլինին բանավոր նոտա է ուղարկել՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել հաղորդավարին՝ Էրդողանին վիրավորելու համար։  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ կառավարությունը թույլատրում է Բեմերմանի դեմ հետապնդումը։

Սակայն հոկտեմբերի սկզբին Մայնց քաղաքի դատախազությունը փակել էր Բեմերմանի դեմ գործը՝ համարելով, որ նրա մեղքն ապացուցող ծանրակշիռ փաստեր չկան, Էրդողանի փաստաբանը փորձել է վիճարկել այս որոշումը Կոբլենցի գլխավոր դատախազությունում, սակայն նրա բողոքարկումը անհիմն է ճաաչվել։

Ենթադրվում է, որ Համբուրգի դատարանը դատավճիռը կհետաձգի մինչեւ հաջորդ դատական նիստ։ Ոչ Բեմերմանը, ոչ Էրդողանը դատական նիստերին ներկա չեն, նրանց ներկայացնում են փաստաբանները։

Մայիսի 17-ին Համբուրգում դատարանը ժամանակավորապես արգելել էր Բեմերմանին տարածել այդ սկանդալային բանաստեղծությունը, որը ըստ դատարանի վիրավորանքի ու զրպարտության տարրեր է պարունակում։ Այդ արգելքը խախտելու դեպքում հաղորդավարին սպառնում է 250 000 եվրոյի չափով տուգանք։