Մոսուլում գործողությունը պետք էր կոալիցիային որպես Հալեպում տիրող իրավիճակին պատասխան: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Իրաքի Մոսուլ քաղաքում երկու շաբաթ շարունակվող գրոհը:

Քաղաքագետը նշեց, որ գործողությունն անհրաժեշտ էր կոալիցիային, որպեսզի Իրաքում ցուցադրված հաջողությամբ ցրի Սիրիայում Ռուսաստանի հաջող գործողությունների թողած տպավորությունը:

Հարցին, թե կարող են արյդոք ԻՊ ահաբեկիչները Մոսուլի ազատագրման դեպքում անցնել Սիրիա, Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանեց, որ նման հավանականություն կա: «Տեսականորեն Մոսուլը պետք է մեկուսացված լինի, որպեսզի ԻՊ գրոհայինները փախչելու հնարավորություն չունենան: Բայց փաստացի նման բան կարող է տեղի ունենալ»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ նախքան ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ Մոսուլը չի հաջողվի ազատագրել: Սակայն թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եւ ինչի կվերածվի Մոսուլի գրոհը, Խրամչիխինը դժվարացավ պատասխանել: «Դժվար է կանխատեսել նաեւ, թե ինչ մարտավարություն կընտրեն՝ ակտիվ գործողություններ, թե՞ ձգձգվող փողոցային մարտեր: Հատկապես հաշվի առնելով, որ գրոհում է կոալիցիան, որի անդամներից շատերը, մեղմ ասած, չեն սիրում միմյանց»,- ասաց Խրամչիխինը: