Պետական գերատեսչությունները ցանկության դեպքում շատ արագ միասին հարցեր են լուծում: Այդ մասին նոյեմբերի 2-ին Ազգային Ժողովում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ 2017 թ բյուջեի նախագիծը հանձնաժողովներում քննարկելու ժամանակ:
Այստեղ արդեն երկրորդական է, թե որ կառույցն ում ենթակայության տակ , ընդգծեց նա:
«Եթե մենք հարցեր ունենք ֆիննախի հետ, զանգում եմ նախարարին, այդ հարցը լուծվում է: Նույնը բնապահպանության հետ:
Ջրային տնտեսության կոմիտեն մեր ենթակայության տակ չէ, բայց հարց ունեինք Արմավիրի մարզում մկների հետ կապված, ու հինգ րոպեում լուծվեց: Անկախ նրանից թե ում ենթակայության տակ է: Հիմա հարց է՝ մենք ուզում ենք խնդիրը լուծե՞լ, թե՞ բարդացնել: Դեռ չի եղել առ այսօր խնդիր, որ որեւէ գերատեսչություն մեզ չաջակցի», - եզրափակեց նախարարը:




























