Հայաստան տեղափոխված սիրիահայերը հրաժարվում են մարզերում բնակարաններից՝ նախընտրելով Երեւանի կենտրոնը։ Այս մասին նոյեմբերի 2-ին մամուլ իասուլիսի ժամանակ ասել է Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
Նրա խոսքով Սփյուռքի նախարարությունը հանրապետության մարզերում սիրիահայերին բնակարաններով ապահովելու 160 առաջարկ է ստացել։ Սիրիահայերը, ըստ փոխնախարարի, հիմնականում հրաժարվում են նման առաջարկներից՝ պատճառաբանելով որ չեն կարող այդքան հեռու տեղերում ապրել, քանի որ սովոր են քաղաքի կյանքին։ «Պարույր Սեւակի թանգարանի տնօրենը մեզ պատմեց, որ ինքը երկհարկանի տուն ունի կահավորված, որը պատրաստ են առանց որեւէ գումարի տրամադրել սիրիահայերի ընտանիքի։ Եղել է նաեւ դեպք, երբ մարդը, աշխատելով իր մասնագիտոթյամբ, կարող էր կրկնակի շատ աշխատավարձ ստանալ, բայկց հրաժարվել է մարզ գնալ»,- ասել է Սրապիոնյանը՝ հավելելով, որ շատ սիրիահայեր ուզում են Երեւանի կենտրոնում ապրել։
Սփյուռքի նախարարությունը, ըստ փոխնախարարի, գրեթե ամեն օր ընդունում է սիրիահայերի ընտանիքների, օգնում նրանց, տրամադրում ժամանակավոր բնակության վայրեր, հետո նրանց համար բնակարաններ փնտրում ու փակում վարձակալության վճարի մի մասը։



























