Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ մեծապես կարեւորել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: «Դուք մի երկրում եք, որտեղ Բելգիան ընկալվում է որպես բարեկամ երկիր եւ վստահելի գործընկեր, որի հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, փոխադարձ վստահության, նույնանման արժեհամակարգի եւ զարգացման համադրելի տեսլականի վրա:
Տիկի՛ն Դըֆրեյն, մեզ համար կրկնակի հաճույք է Ձեզ ողջունել Հայաստանում, որովհետեւ Դուք մի գործիչ եք, ով մշտապես ականջալուր է մեր ժողովրդի խնդիրներին: Դուք հոգատար վերաբերմունք ունեք Հայաստանին եւ հայերին հուզող հարցերի նկատմամբ, երկար տարիներ ջանք ու եռանդ չեք խնայել, որպեսզի հայ-բելգիական հարաբերություններն ամրապնդվեն: Դուք մշտապես ցանկալի եւ սպասված հյուր եք Հայաստանում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Բելգիայի Թագավորության Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի եւ ընդունելության համար, նշելով, որ համակարծիք է հայ-բելգիական հարաբերություններին Սարգսյանի տված գնահատականի հետ: «Խոսելով մեր նույնանման արժեհամակարգի ապացույցներից մեկի մասին՝ պետք է ասեմ, որ ժամանակին՝ 1998 թվականին, Բելգիայի Սենատը եվրոպական առաջին երկրներից մեկն էր, որ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ՝ ուժեղ մի բանաձեւ, որին 2015թ. հետեւեց նաեւ Ներկայացուցիչների պալատի բանաձեւը եւ երկրի վարչապետ Շառլ Միշելի ելույթը, որտեղ որեւէ այլակարծության տեղ թողնված չէր: Եվ դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք պարտք ունենք փոխանցելու հաջորդ սերնդին»,- ասել է Քրիստին Դըֆրեյնը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-բելգիական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաեւ տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

.jpg)




























