Տաջիկստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կկատարեն, որը կվերաբերի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ «խաղաղության եւ ազգային միասնության հիմնադրին, ազգի առաջնորդին» վիրավորելուն: Այս մասին հաղորդում է Sputnik Տաջիկստանը:

Կառավարության որոշման համաձայն՝ առաջարկվում է Քրեական օրենսգրքում հոդված սահմանել, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի Խաղաղության եւ ազգային միասնության հիմնադրին, Ազգի առաջնորդին հրապարակային վիրավորելու կամ նրան զրպարտելու համար: Չի նշվում, սակայն, թե ինչ պատիժ է սահմանվելու:

Նշենք, որ երկրի Քրեական օրենսգիրքն արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսում Տաջիկստանի նախագահին հրապարակային վիրավորելու կամ զրպարտելու համար: Այդ հոդվածով մեղադրվողներին մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին անկախ Տաջիկստանի հիմնադրի կարգավիճակ են շնորհել: