ՄԻՊ գրասենյակի մարզային ստորաբաժանումները առաջնային նշանակություն ունեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ ԱԺ հանձնաժողովներում լսումների ժամանակ։ Նրա խոսքով դա չափազանց կարեւոր է։

Պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին ՝ Թաթոյանը նշեց․ «Սկզբունքային մոտեցումը հետեւյալն է ՝ ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում տվյալ տարածքում։ Այդ ստորաբաժանումը պետք է այնքան ուժեղ լինի, որ ես կարողանամ ներկայացուցիչներին արագ արձագանքման այցերի ուղարկել քրեակատարողական հաստատություններ»։ Միաժամանակ Թաթոյանը հավելել է, որ դա դժվար է միջոցների անբավարարության կապակցությամբ։