Ավստրիայում սկանդալ է հասունանում այն անանուն տեսագրության պատճառով, որում նկարահանված է դաշնային կանցլեր Քրիստիան Քերնի ծառայողական մեքենան։ Անհայտ օպերատորի նկարահանած տեսանյութը հայտնվել է Österreich եւ Kronen Zeitung էլեկտրոնային պարբերականների տրամադրության տակ։ Տեսանյութում կանցլերի մինիվեն Mercedes–ն է, որը ժամում 150 կմ արագության «սավառնում է» մայրուղու այն հատվածում, որտեղ կա 80կմ/ժ սահմանափակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կանցլերն արդեն հայտնել է, որ իր վարորդը մեղայականով կներկայանա ոստիկանություն, բայցեւ նշել, որ դեռ պետք է համոզվել տեսագրության իսկության մեջ։ Նա հավելել է, որ իր վարորդին «մենակ չի թողնի այդ դժվար պահին ու կկիսի պատասխանատվությունը»։
Ի դեպ չկան ապացույցներ, որ այդ պահին կանցլերը նույնպես մեքենայում է եղել։
Մինչդեռ կանցլերի գերատեսչությունը ներքին հետաքննություն է սկսել տեսագրության առթիվ։ Գերատեսչությունը հակված է կարծելու, որ տեսագրության հեղինակը ոչ թե սովորական մտահոգ քաղաքացի է, այլ ներքաղաքական ինտրիգների ձգտող որեւէ քաղաքական ընդդիմախոս։




























