Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական դաշտերն ԱԳՆ-ից շատ են աշխատել ԵՄ պատվիրակության հետ։ Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ հանձնաժողովներում 2017-ի պետբյուջեի նախագծի մասին լսումների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«ԵՄ պատվիրակության հետ մենք ձեզնից շատ ենք աշխատել։ Ես նկատի ունեմ առաջիկա ընտրությունները։ Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական դաշտերը ԵՄ պատվիրակության ու դեսպանների հետ ավելի շատ են աշխատել, քան ԱԳՆ-ն։ Այդ մարդիկ որոշակի գումարներ են ներդնում Հայաստանում ընտրությունների անցկացման համար։ Եթե դուք չնպաստեք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ապա բոլոր բացասական գործընթացները կխորանան»,- նշել է Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ընտրությունները ու ԵՄ-ի հետ համագործակցության արդյունավետությունը Հայաստանի զարգացման միակ հեռանկարն է։
Ի պատասխան՝ Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն բավականին ինտենսիվ աշխատում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ։




























