Լիբանանի սունի կուսակցության առաջնորդ Սաադ Հարիրին երկրի նախագահից հանձնարարություն է ստացել նոր կառավարություն ձեւավորել,հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը։

Լիբանանում քաղաքական վակուումը շարունակվել է 2․5 տարի։ Նախկին նախագահ Միշել Սուլեյմանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդարանը չէր կարողանում պետության ղեկավար ընտրել, քվորումի բացակայության պատճառով տասնյակ անգամներ հետաձգելով քվեարկությունը։ Երկրի նախագահ հաջողվել է ընտրել հոկտեմբերի 31-ին՝ նոր նախագահն է գեներալ Միշել Աունը։

Ընտրությունների արդյունքներով Սաադ Հարիրիի թեկնածությունը պաշտպանել է 128 պատգամավորներից 110-ը։ Վարչապետի ընտրությունները երկու փուլով են անցել ու տեւել երկու օր։ Որից հետո նախագահը նրա նշանակման մասին հրաման է արձակել։

Սաադ Հարիրին «Մուստակբալ» սունի կուսակցության առաջնորդն է։ Սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին 2009-ին էլ է զբաղեցրել վարչապետի պաշտոնը։