Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նոյեմբերի 5-ին ռեկտորի պաշտոնից հրաժարականի դիմում կգրի, իսկ նրան կփոխարինի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։ NEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Միքայել Նարիմանյանը։
«Վաղը համալսարանում Աշոտյանի նախագահությամբ լինելու է հոգաբարձուների խորհուրդ, որի ժամանակ այդ հարցը կլինի օրակարգում։ Ժամանակավոր պաշտոնակատար պիտի նշանակվի, հետո ընտրություն կլինի»,-մանրամասնեց Նարիմանյանը։
Հրաժարականի պատճառների մասին առանձնապես չխոսեց, միայն նշեց, թե իր ժամկետը լրանալու էր 2017 թվականին եւ որոշել է վերադառնալ «պրոֆեսիային». «Ես արդեն 4 տարի է ռեկտոր եմ, ժամկետը լրանալու է 2017 թվին, եւ ես ուզում եմ վերադառնալ կոնկրետ իմ պրոֆեսիային՝ բուժական գործ եւ դասախոսություն»։
Մեր հարցին, թե կաթողիկոսի հետ լավ հարաբերությունները մի՞թե չնպաստեցին ավելի երկար պաշտոնավարելուն, Նարիմանյանը վստահեցրեց, որ այդ հարցում կաթողիկոսի աջակցությունը երբեք էլ չի ստացել։
«Կաթողիկոսի, Վեհափառ տիրոջ անձնական բժիշկն եմ 15 տարի, եւ այս տարիների ընթացքում, կաթողիկոսը ոչ մի դերակատարում չուներ իմ նշանակման հարցում։ Եթե ինչ-որ դերակատարում ունի այն փաստը, որ բժշկին վստահում են կաթողիկոսի առողջությունը, դա միայն բարձրացնում է բժշկի ռեյտինգը»,-ասաց նա։
Նշենք, որ Արմեն Մուրադյանը եւս Կաթողիկոսին որոշակի բժշկական ծառայություններ է մատուցել, լուրերի համաձայն՝ կաթողիկոսի միջնորդության շնորհիվ էլ նշանակվել նախարար։
Հարցին՝ ինչո՞ւ երկու բժիշկներից Կաթողիկոսը ռեկտորի պաշտոնի հարցում այս անգամ նախապատվությունը տվեց Մուրադյանին, պատասխանեց.«Նա կաթողիկոսի բժիշկը չէ, ես եմ։ Երկու անձնական բժիշկ չի լինում։ Նա «Իզմիրլյան» կենտրոնի տնօրենը լինելով՝ որոշակի բուժծառայություն մատուցել է»։
Դիտարկմանը՝ արժանի՞ իրավահաջորդ է Մուրադյանը՝ հաշվի առնելով, որ որեւէ բարեփոխմամբ աչքի չընկավ որպես նախարար, արձագանքեց. «Դրանք տարբեր ոլորտներ են, ինքը ամբիոնի վարիչ է, լավ գիտի ուսումնական պրոցեսը»։



























