Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք գործ ունենք սուբյեկտի հետ, որը ցանկացած պահի կարող է խախտել իր միջազգային պարտավորությունները: Այս մասին նոյեմբերի 3-ին՝ ԱԺ-ում 2017-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ մենք դա գիտակցում էինք նաեւ նախքան դա, բայց հիմա դա ակնհայտ է դարձել նաեւ մյուսների համար: 1994-ին հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանելն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է:

Փոխնախարարը հիշեցրել է, որ այն ժամանակ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացն ընթանում էր 2 սուբյեկտի՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Վերջին պահին, Ադրբեջանը ռուսաստանցի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրիովի միջնորդությամբ ասաց, որ Հայաստանը նույնպես պետք է միանա բանակցություններին: «Քանի որ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, դրանով արձանագրվում է փաստը, որ Ադրբեջանը խախտել է միջազգային պարտավորվածությունը»,- ընդգծեց Քոչարյանը: