Հայկական ստարտափերը մեծ ներուժ ունեն եւ ոչնչով չեն զիջում բոլոր այն թիմերին, որոնց հանդիպել եմ իմ գործունեության ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ABRT վենչուրային հիմնադրամի հիմնադիր Անտոն Տիմաշովը: Տիմաշովը հոկտեմբերի 29-ին UpStart ստարտափերի մրցույթի եզրափակիչ փուլում պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էր ընդգրկված:
Խոսելով ստարտափերի հաջողակ լինելու նախապայմանների մասին՝ նա նշել է, որ ամենակարեւորը, թերեւս, ճիշտ ընտրված թիմն է եւ գաղափարը: «Լսելով այս 15 թիմերի ելույթները՝ կարող եմ ասել, որ տպավորված եմ նրանց առաջարկած լուծումներով»,- ասել է ABRT-ի հիմնադիրը:
Ստարտափ հիմնելիս Անտոն Տիմաշովը խորհուրդ է տալիս տեխնոլոգիական մի քանի ուղղությունների վրա ուշադրություն դարձնել: «Իմ կարծիքով ամենաթրենդային ուղղությունները հիմա արհեստական բանականության, առողջապահական եւ անվտանգության համակարգերի համար լուծումներն են: Խորհուրդ կտամ լուծում մշակելիս ուշադրություն դարձնել այս ուղղությունների վրա»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացել է UpStart ստարտափերի մրցույթի եզրափակիչ փուլը, որի հաղթող է ճանաչվել MapWork ստարտափը:



























