ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասված է Օբամայի անունից Կոնգրեսին ուղղված գրավոր ծանուցման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթում ասվում է, որ Իրանի նկատմամբ 37 տարի առաջ Վաշինգթոնի սահմանած պատժամիջոցների գործողության ժամկետը նորից մեկ տարով երկարաձգվել է: Օբաման տեղեկացրել է, որ որոշել է ուժի մեջ թողնել 1979 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրած նախագահական հրամանը, որում արտակարգ դրություն էր հայտարարվել ԱՄՆ ազգային անվտանգության, տնտեսության եւ արտաքին քաղաքականության համար սպառնալիքի պատճառով, որն առաջ է եկել Իրանում ստեղծված իրավիճակի հետեւանքով:
Օբաման իր որոշումը հիմնավորել է մասնավորապես այն հանգամանքով, որ Իրանի հետ հարաբերությունները դեռեւս չեն կարգավորվել, իսկ 1981-ի հունվարի 19-ի երկկողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը դեռ իրացման փուլում է:




























