Թուրքիայի ամբողջ տարածքում ձերբակալում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից քրդամետ ընդդիմադիր պատգամավորներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է երկրի ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:
«Դատախազության հրահանգի համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալություններ է կատարում Դիարբեքիր, Վան, Շըրնաք, Հաքյարի եւ Բինգյոլ նահանգներում»,- ասված է հաղորդագրությունում:
Արդեն 11 պատգամավոր է ձերբակալվել, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուքսեքդաղն ու Սելահեդդին Դեմիրթաշը:
Hurriet-ի հաղորդմամբ, ձերբակալվել է նաեւ անկուսակցական, քրդերին սատարող Փերվին Բուլդանը, որը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխխոսնակն է:
Միաժամանակ՝ Cumhuriyet-ը հաղորդում է, որ Փերվին Բուլդանը հերքել է իր ձերբակալության մասին լուրը: «Ես դեռ կալանքի տակ չեմ»,- թուրքական այս թերթի լրագրողին ասել է Բուլդանը:




























