Ճանապարհային ոստիկանությունը ոչ մի բան չի արել` ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու, խցանումները վերացնելու համար, այն միայն ժողովրդից գումար շորթելու ծրագրեր է իրականացրել: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը` անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի այն հրամանին, որ արագաչափերից եւ կարմիր գծերից ստացված ֆինանսական հոսքերը կառավարեն պետական մարմինները:

«Եթե մեր նախագահը, կամ վարչապետն այս հարցը հինգ րոպեում կարող էին լուծել, ավելի շուտ կարող էին անել, որպեսզի մեր ժողովրդի համար ավելի լավ լիներ: Սա արվում է նրա համար, որ ահռելի գումարների կառավարումը, ոստիկանության արտաբյուջետային գումարները կառավարվեն, վերահսկվեն: Ոստիկանությունը քերելով ժողովրդից գումար են հավաքում, երեխայի բերանից վերցնում են այդ գումարը ու չգիտես` ինչի վրա էր գնում: Ոստիկանությունն այս տարիների ընթացքում ոչ մի բան չի արել` լավացնելու ճանապարհային երթեւեկությունը, վերացնելու խցանումները, ավելին` թակարդներ են լարում, որ մի կոպեկ ավելի գումար շորթեն: Այստեղ քաղաքական առումով նաեւ հնարավոր ռիսկեր կան, քանի որ սեփականատիրոջ իրավունքները կտրուկ ձեւով ոտնահարվում է, բացասական նախադեպ կարող է լինել» ,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով եւ հանձնարարական տվել, որպեսզի արագաչափերից եւ կարմիր գծերից ստացված ֆինանսական հոսքերն այսուհետ կառավարվեն պետական մարմինների կողմից: