«Ատկատի» մեխանիզմը շատ վաղուց է ներդրված առողջապահության նախարարությունում եւ դրա դեմ ոչ ոք չի պայքարում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ վստահեցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Պատգամավորը հիշեցրեց մի քանի տարի առաջ իր եւ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի միջեւ տեղի ունեցած հրապարակային բանավեճը, երբ ինքը խոսել էր ուժհաստատությունների «ատկատի» մասին, իսկ Դումանյանն էլ այդ կապակցությամբ դիմել էր Գլխավոր դատախազություն:
«Դումանյանը դիմել էր, որ ստուգեն հիվանդանոցները, իսկ ես դիմել էի, որ ստուգեն նախարարություն- հիվանդանոց կապը: Ինքս որեւէ տեղեկություն այդպես էլ չստացա դատախազությունից: Արդեն երեք տարի է անցել եւ որեւէ տեղեկություն չունենք: Ուզում եմ հավատալ, պարոն Ալթունյան, որ այն խնդիրը, որը Կառավարությունը դրել է իր առջեւ, վերականգնել հանրային վստահությունը, դա նախ եւ առաջ պետք է վերականգնվի հենց ձեր ոլորտում: Ես հույս ունեմ, որ Դուք կդիմեք դատախազություն եւ ինչ արդյունքներ կան: Համզոված եմ, որ ոչինչ չեն արել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նախ վստահեցրեց, որ իրենք պատգամավորի զորակիցն են այս հարցում, ապա հավելեց. «Ինչ վերաբերում է հարցին, որ զորակցենք Ձեզ՝ հետաքննելու նախկինը, եթե Դուք մեզանից սպասում եք ինչ որ արդյունավետություն՝ բժշկությունը մի այլ աստիճանի հանելու հարցում, թողեք մեզ այդ գործառույթները, ոչ թե անցյալում փորփրելը»,- ասաց Ալթունյանը:
Սրան ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Քանի դեռ անցյալը մաքրված չէ, ներկան վստահություն չի կարող ներշնչել: Երբ անցյալը չի բացահայտվում, ներկան հուսադրող չէ: Ես ընդամենն ուզում եմ, որ նախկին նախարարը դիմել է դատարան, իսկ Դուք իրավահաջորդ եք, ես ակնկալում եմ, որ տեղեկանք կապահնջեք դատախազությունից»:



























