Ոստիկանների միջազգային ասոցացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ Գրիշա Սարգսյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից, որ տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա` նշելով, որ աջակցել է ՀՀԿ-ին, մտածելով, որ Հայաստանում բարեփոխումներ կիրականացվեն, բայց սխալվել է:
«Աջակցել եմ ՀՀԿ-ին` մտածելով, որ լավ կլինի, բայց սխալվել եմ, որի համար հայցում եմ ժողովրդի ներողամտությունը: Մենք ոչ մի կուսակցության չենք հարում, բայց կսատարանեք այն թիմին, երբ տեսնենք, որ դրական փոփոխություններ է իրականացնում: Այսօր Հայաստանում աղքատության շեմը 40 տոկոսի է հասնում, որը մտահոգիչ է»,-ասաց նա:
Գրիշա Սարգսյանը նշեց, որ կառավարության փոփոխությունն իշխանությունն իրականացրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթելու համար:
«Երբ Կարեն Կարապետյանը քաղաքապետ նշանակվեց, ամբողջ ՀՀԿ-ն խնդրում էր, որ անդամագրվի իրենց կուսակցությանը, բայց չանդամագրվեց: Համարձակ, լավ տղա է, բայց եթե վարչապետն այսօր կարողանար հնարավորություն ունենալ թալանչի պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու, մենք կողջունենք նրան»,-ասաց նա:
Գրիշա Սարգսյանի խոսքով, տարբեր երկրներում է եղել, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին, դիվանագետներին եւ հասկացել, որ Հայաստանի Հանրապետության դեսպաններն անգործության են մատնված. «Մեր դիվանագետներն էլ տեղի օլիգարխների հետ բիզնեսով են զբաղված: Դեսպանները հայաճանաչության միջոցառումներ չեն անում, ոչինչ չեն անում` հանուն Հայաստանի, եւ այդ պատճառով էլ մեր հայկական գաղթօջախների իրավունքները պաշտպանված չեն»:




























