Հայաստանում երթեւեկությունը կազմակերպված չէ, այդ հետեւանքով էլ ավտովթարներ շատ են լինում: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը. «Երթեւեկությունը Հայաստանում ընդհանրապես կազմակերպված չէ` չկան ՃՈ նշաններ եւ երթեւեկությունը կարգավորելու համար պետք է ստեղծել անկախ կառույց, որը կիրականացնի այդ ամենը: Եթե երթեւեկությունը կազմակերպված չէ, նշաններ չկան, ինչպես են վարորդին տուգանում, միայն տուգանելուց են լավ»:

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի` արագաչափերից եւ կարմիր գծերից ստացված ֆինանսական հոսքերը պետական մարմինների կողմից կառավարելու վերաբերյալ հանձնարարականից հետո պետք է նաեւ հստակեցվի եւ կարգավորվի հոսքերի բաշխումը:

«Նախագահը հանձնարարականը տվեց, բայց դեռ պարզ չէ, թե հոսքերի բաշխումն ինչպես է իրականացվելու, ինչ ուղղույթմաբ են գնալու` ճանապարհային երթեւեկության կազմակերպման համար, թե աշխատավարձեր բաշխելու»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով եւ հանձնարարական տվել, որպեսզի արագաչափերից եւ կարմիր գծերից ստացված ֆինանսական հոսքերն այսուհետ կառավարվեն պետական մարմինների կողմից: