Ջրվեժի ամառանոցների բնակիչներն արդեն 3-րդ օրն է՝ զրկված են հոսանքից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ահազանգեցին, որ այս պահի դրությամբ հոսանքի մատակարարումը չի վերականգնվել:

«Նոյեմբերի 1-ից հոսանքն անջատված է, իսկ մեր թաղամասում ջուրը նասոսներով է, հետեւաբար, արդեն 3-րդ օրն է՝ զրկված ենք եւ հոսանքից, եւ ջրից: Մեր աշխատանքի վայրերից ենք ջուր բերում, կամ էլ ձյունն ենք հալեցնում ու օգտագործում: Տներն էլ ջեռուցման այնպիսի համակարգերով ենք տաքացնում, որ հոսանք է հարկավոր, դրանից էլ ենք զրկված: Այս ցուրտ եղանակին անելանելի վիճակում ենք հայտնվել»,- ասաց բնակիչներից Մարիետա Դադաշյանը:

Ամառանոցների բնակիչներն այս օրերի ընթացքում անընդհատ զանգահարում են ՀԷՑ, սակայն որեւէ պատասխան դեռեւս չեն ստացել:

Նշենք, որ դեռեւս նոյեմբերի 2-ին ՀԷՑ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը տեղեկացրել էր, որ հոսանքի մատակարարումն ամբողջ Հանրապետությունում վերականգնված է, սակայն երեկ տեւական ժամանակով հոսանքազրկումներ են արձանագրվել Ավան, Նոր Նորք համայնքներում: