Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենը շարունակում է չարաշահել պաշտոնական դիրքը: Այս մասին Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակում գրել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նամակը ներկայացնում ենք ստորեւ. «Ի պատասխան 24.10.2016թ. ԲԵ-760/16 թվակիր իմ նամակի ստացել եմ Երեւանի թ. 27 դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանի՝ 21.10.2016թ. 113-Ա հրամանը՝ ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Ավետիսյանին աշխատանքից ազատելու մասին, որը նույնպես անօրինական է, որովհետեւ հոկտեմբերի 21-ին Գայանե Ավետիսյանը, դեռեւս որպես դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն, մասնակցել է Կրթության ազգային ինստիտուտի ՄԿԱ գծով տեղակալների վերապատրաստման դասընթացին, որտեղ ես էի դասընթացը վարում: Այդ անօրինական նշանակման մասին նամակը Ձեզ գրել եմ հոկտեմբերի 24-ին: Այնպես որ, տնօրեն Ս.Սարգսյանը Գ.Ավետիսյանից ՄԿԱ գծով տեղակալի հաստիքը վերցնելու մասին հոկտեմբերի 21-ի հրամանով հերթական ապօրինի քայլն է արել: Ավելին, իմ ներկայությամբ քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության մասնագետ տիկին Ղազարյանը հեռախոսով փորձեց ճշտել Գ.Ավետիսյանի մանկավարժական ստաժը, Ս. Սարգսյանը պնդեց, որ նա 6 տարվա մանկավարժական ստաժ ունի: Նկատեմ, որ այդ դպրոցի տարիֆիկացիան հաստատվել է եւ ստորագրվել է համապատասխան պաշտոնյայի կողմից:

Հիշեցնեմ, որ սա Ս. Սարգսյանի կողմից Գ. Ավետիսյանին ապօրինաբար փոխտնօրեն հրամանագրելու երկրորդ դեպքն է: Երկու դեպքում էլ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունն անտեղյակ է եղել անօրեն հրամաններից, որոնք պարզ երեւում են դպրոցի տարիֆիկացիայում:

Պարոն քաղաքապետ, ցանկության դեպքում դժվար չէ կոռուպցիայի մասին ենթադրություններ անել, որովհետեւ Ս. Սարգսյանը հերթական անգամ չարաշահել է պաշտոնական դիրքը:

Առաջարկում եմ պահանջել Ս.Սարգսյանից աշխատել Օրենքի շրջանակներում, ստուգել դպրոցի բոլոր կադրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ նկարագրերը հաստատելու մասին» որոշմանն ու ՀՀ օրենքներին եւ տրամադրել այդ մասին տեղեկանք:

Պարոն քաղաքապետ, մեկ անգամ չէ, որ ահազանգել եմ դպրոցների տարիֆիկացիաներում առկա՝ ՀՀ օրենքներին ու վերոնշյալ որոշմանն անհամապատասխանությունների մասին, որոնք ստորագրվում են կրթության վարչության պետի կողմից: Հետեւությունս այն է, որ տարիֆիկացիաները ստորագրելուց առաջ պետք է ստուգվի նրանց համապատասխանությունը ՀՀ օրենքներին ու կառավարության որոշումներին:

Վերահսկողության վարչությանն առաջարկում եմ Երեւանի ենթակայության դպրոցներում ստուգել վարչական կադրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ նկարագրերը հաստատելու մասին» որոշմանն ու այդ մասին տրամադրել տեղեկանք»: