Քաղբանտարկյալ ունենում է այն երկիրը, որտեղ չկան ժողովրդավարական հիմունքներ, չկա ժողովրդավարություն, որտեղ սահմանափակվում է մարդու խոսքի ազատությունը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազգային միացյալ շարժման առաջնորդ, ներկայումս դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

Նա հայտնել է, թե նոյեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի կհաջորդի երթ, իսկ ցուցարարների պահանջը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Ըստ Շահենի՝ իրենք արդեն չորրորդ տարին է՝ նախաձեռնում են անոնիմուսների երթ:

Խոսելով քաղբանտարկյալների մասին՝ նա նշել թ, թե քաղբանտարկյալների առկայությունը վտանգում է երկիրը, պետական ամբողջ համակարգի գոյությունը։ «Քաղբանտարկյալների թիվը երկրում պարբերաբար ավելանում կամ պակասում է, սակայն էական ոչինչ չի փոխվում. երկիրը գնում է կործանման, գրեթե ամբողջովին կորցրել է իր անկախությունը, գտնվում է օտար կառույցների լծի տակ, երկիրը կառավարվում է՝ տուրք տալով այլ ուժային կենտրոնների, պետական այրերը հայանպաստ գործունեություն չեն ծավալում»,- ասել է երիտասարդ ակտիվիստը:

Նա նաեւ հայտնել է, թե հոկտեմբերին հանդիպել է հորը, որը մարտական է տրամադրված, անգամ մերժել է վաղաժամ ազատվելու առաջարկը։