ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ռուսաստանի ու Աբխազիայի զորքերի համատեղ խմբավորման մասին համաձայնագրի վավերացումը։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլու հետ հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բայդենը շնորհավորել է Կվիրիկաշվիլուն խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել տարածաշրջանում Վրաստանի ժողովրդավարական առաջատարությունը։ Նա կոչ է արել ընտրությունների արդյունքները օգտագործել երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումները շարունակելու համար,որոնք կնպաստեն եվրոատլանտյան կառույցներին Վրաստանի հետագա ինտեգրմանը։




























