Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նորմալ է համարում, որ ընդդիմադիրները ընտրել են բոյկոտը` որպես քաղաքական պայքարի միջոց:

Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, չկայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ասլանյանը:

«Ավագանու 18  անդամի  ներկայանալը չեմ մեկնաբանում, այնքան ժամանակ այս վիճակը կարող է շարունակվել, որքան որ Վանաձորը  պատրաստ է դիմանալ առանց բյուջեի, առանց քաղաքապետարանի աշխատակազմի, ապրել առանց զարգացման ծրագրի ու ձնամաքրման աշխատանքների»,-ասել է քաղաքապետը:

 Նա նշել է, որ կանոնակարգի հաստատման քննարկմանը ընդդիմադիրներից ներկա են եղել, առաջարկություններ ներկայացրել, սակայն նիստը բոլորը բոյկոտել են: 

«Այս բոյկոտն էլ քաղաքական պայքարի ձեւ է, նորմալ եմ վերաբերում»,-նշել է քաղաքապետը:

Հարցին`  ինչու ընդդիամդիր դաշինքից իրեն աջակցություն հայտնած 4  անդամը գոնե  չեն ներկայանում նիստին,  Մամիկոն Ասլանյանը պատասխանել է. «Միգուցե հարցը ուղղեք հենց իրենց, մենք էլ չգիտենք` ովքեր են այդ չորս հոգին»: 

Հիշեցնեն, որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի քաղաքապետի ընտրությանը քվեարկել էր Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած քաղաքապետը կարողացավ հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին:

Նշենք,  քաղաքապետը ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում լիարժեք աշխատել այս պաշտոնում. արդեն երկրորդ անգամ ընդդիմադիրները բոյկոտում են ավագանու նիստը: