Կրեմլում մեկնաբանել են ռուսական համակարգերը կոտրելուն ԱՄՆ-ի «ռազմական հաքերների» պատրաստ լինելու մասին հաղորդագրությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անվտանգությունն ապահովվում է անհրաժեշտ մակարդակով:

«Քիբերանվտանգության եւ տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումները կիրառվում են այն մակարդակով, որը համապատասխանում է ընթացիկ պահին, նաեւ այլ պետությունների ներկայացուցիչների կողմից պաշտոնական մակարդակով մեզ ուղղված սպառնալիքների բարձրաձայնմանը»,- մամուլի քարտուղարի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով հատուկ ծառայություններում իր աղբյուրներին եւ փաստաթղթեր, հայտնել էր, որ «ռազմական հաքերները» ներթափանցել են ռուսական ենթակառուցվածք՝ ներառյալ «Կրեմլի վարչական համակարգեր»: Աղբյուրները պնդել են, որ հարձակման մասին որոշում չի ընդունվել, սակայն այդ ներթափանցումը դրա համար պայմաններ է ստեղծում: