«Ազգային ինքնորոշում» միավորումը ստեղծել է հատուկ աշխատախումբ՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին միասնական միություն ստեղծելու գաղափարը մնացած կուսակցություններին ներկայացնելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Հայրիկյանի խոսքով ինքը մասնավոր բանակցություններ է անցկացրել մյուս քաղաքական ուժերի առաջնորդների հետ։ «Աշխատանքները սկսվել են երեկ, նախանցած օրը ստեղծվել է հատուկ աշխատախումբ, որի նպատակն է միասնական դաշինք ստեղծելու գաղափարը ներկայացնել մյուս կուսակցություններին, նաեւ քննարկել նրանց առաջարկները»,- նշել է Պարույր Հայրիկյանը, հավելելով , սակայն, որ այդ առթիվ հրապարակման արժանի նորություններ դեռ չկան։




























