Վանաձորի ավագանու նիստի բոյկոտը տվեց իր առաջին արդյունքը, քանի որ այդպիսով ապացուցվեց, որ իշխանության թեկնածուի օգտին չորս քվերակություն եղել էր ճնշման արդյունքում:  Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Վանաձորի  ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը՝ անդրադառնալով ավագանու արդեն երկրորդ նիստը բոյկոտելուն։

«Նիստը չգումարվեց, եւ դա մի պարզ բան է ցույց տալիս, որ այն 19 ձայնը, որ ստացել էր ՀՀԿ թեկնածուն, իրականում այդ 4 հավելյալ ձայները եղել են ճնշման կամ այլ բաների արդյունքում: Բոյկոտի պատճառների մասին մենք հենց հաջորդ օրն ենք հայտարարել: Այն ժամանակ այդ  ուղերձը տրվել էր, որ հենց բոյկոտի միջոցով մենք փորձ ենք անում բացահայտել այն ձայները, որ տրվել էին Հանրապետականի թեկնածուին, և նորմալ շարունակենք աշխատել»,-ասել է նա:

Մարուքյանը շեշտել է, որ բոյկոտն արդյունք ունի, քանի որ ապացուցեց, որ եթե ազատ ընտրության արդյունքում դաշինքից  չորս հոգի քվեարկած լիներ իշխանության օգտին, ապա նրանք այսօր անկաշկանդ կմասնակեցին նիստին եւ չէին միանա իրենց բոյկոտին. «Եթե դա լիներ ազատ, բարի կամքի արտահայտման արդյունքում, ապա այդ մարդիկ որևէ խնդիր չէին ունենա ի հայտ գալու, ներկայանալու և ասելու` այո, մենք սատարում ենք ՀՀԿ թեկնածուին»:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի այն դժգոհությանը, որ բոյկոտից տուժելու է քաղաքային տնտեսությունը, Մարուքյանն  արձագանքել է.

«Ես որևէ կապ չեմ տեսնում այդ երկուսի միջև։ Երբ պայմանագրեր կան կնքված և ծառայություններ մատուցող կազմակերպությունները այսպես թե այնպես պետք է կատարեն իրենց պարտավորությունները, ավագանու քվորումը չէ, որ պետք է սպասարկող ընկերությանը իրավունք տա, որ աղբը տեղափոխեն: Հետևաբար դա կեղծ մեղադրանք է ուղղված «Լուսավոր Հայաստանին»։ Ես տարածել եմ հայտարարություն, որի մեջ նշվել է, որ քանի որ ՀՀԿ-ն չունի մեծամասնություն Վանաձոր քաղաքում, միակ տարբերակը շարունակելու պետք է լինի Մամիկոն Ասլանյանի հրաժարականի ներկայացումը ավագանուն: Այսինքն` եթե կհրավիրվի նիստ, որի օրակարգում կլինի այդ միակ հարցը, այդ նիստը կարող է ապահովել քվորում և մասնակցություն: Հակառակ պարագայում այլ օրակարգով նիստերը կարժանանան նույն ճակատագրին»,-մեկնաբանել է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի քվեարկել էր Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած քաղաքապետը կարողացավ հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին:

Նշենք, որ քաղաքապետ ընտրվելուց հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում լիարժեք աշխատել այս պաշտոնում. արդեն երկրորդ անգամ ընդդիմադիրները բոյկոտում են ավագանու նիստը: