Իտալացի ինժեներներ Դանիլո Կալոնեգոն եւ Բրունո Կակաչեն, նաեւ նրանց կանադացի գործընկեր Ֆրենք Պոչչան Լիբիայում գերությունից ազատ են արձակվել եւ Իտալիա են վերադարձել: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Իտալիայի իշխանությունները:
Իտալիայի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ Լիբիայի տեղական իշխանությունների միջնորդությամբ տղամարդկանց ազատել են նոյեմբերի 5-ի գիշերը:
Երեք տեխնիկներին առեւանգել էին սեպտեմբերի 19-ին երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Գատայում, որտեղ նրանք աշխատում էին քաղաքի օդանավակայանը սպասարկող իտալական ընկերությունում: Այդ ժամանակ տեղական մայրուղու վրա զինված մարդիկ շրջապատել էին նրանց մեքենան: Նրանց գերության ընթացքում խմբավորումներից ոչ մեկը նրանց համար փրկագին չի պահանջել:




























