Ավելի քան 240 մարդ ստիպված է եղել բժշկական օգնության դիմել արցունքաբեր գազով թունավորվելուց հետո, որը նախօրեի երեկոյան ոստիկանության աշխատակիցները կիրառել են Ինդոնեզիայի մայրաքաղաքի կենտրոնում ցույցը ցրելիս: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի իրավապահ մարմինների հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռաֆլի Ամարը:
Նրա խոսքով՝ տուժել են բողոքի ակցիայի մասնակիցներից մոտ 160 մարդ եւ ոստիկանության ավելի քան 80 աշխատակիցներ: Նա նաեւ հաստատել է ցուցարարներից մեկի մահվան փաստը. նախնական վարկածի համաձայն՝ 55-ամյա տղամարդը ասթմայով է տառապել: Դրա հետ մեկտեղ, նա հերքել է հանրահավաքը ցրելիս հրազեն կիրառելու մասին լուրերը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ 25 մարդ ձերբակալվել է, որոնք կասկածվում են անկարգություններ հրահրելու եւ խանութների կողոպուտին մասնակցելու մեջ:
Բողոքի ակցիան, որին, տարբեր գնահատականներով, մասնակցել է 50-ից մինչեւ 200 հազար մարդ, ուղղված էր Ջակարտայի նահանգապետ Բասուկի Չախայ Պուրնամայի դեմ: Նրան, ով էթնիկ չինացի է եւ քրիստոնյա, մասնավորապես մեղադրում են «իսլամի վերաբերյալ սրբապիղծ արտահայտությունների» համար:




























