Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդը»որոշում է կայացրել հայտնի դեպքերից հետո չմասնակցել ավագանու նիստերին: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Կարեն Դավթյանը:  

«Մյուս խմբակցությունների հետ կլինեն հանդիպումներ, և կգանք եզրակացության: Խմբակցությունը ինչ որոշում կկայացնի, այդ որոշմանը բոլորս կենթարկվենք: Ես բացառում եմ, որ կուսակցության անդամներից որևէ մեկը քվեարկել է Մամիկոն Ասլանյանի օգտին: Ես անձնապես վստահ եմ այդ հարցում: Ես խոսում եմ այն առումով, որ ես հանձնաժողովի անդամ եմ: Եթե հանձնաժողովի անդամ եմ եղել, ուրեմն 5-ի կողմից եմ եղել: Քվեաթերթիկի վրա որևէ հատուկ նշում չի արվել: Պայմանավորվածություն է եղել, որ պետք է քվեարկենք Քրիստ  Մարուքյանի օգտին»,-ասել է նա:

Դավթյանը դատապարտել է իշխանության օգտին քվեարկությունն ու պնդել, որ դա չէին կարող անել իրենց խմբակցության անդամները: Նա նաեւ դժավարացել է ասել` հաջորդ բոյկոտին կմիանան, թե ոչ, բայց ընդգծել է, որ հուշագիրը ստորագրվել է միայն  Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու համար: 

Հիշեցնեն, որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի ընտրել էր Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած քաղաքապետը կարողացավ հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին:

Նշենք, որ քաղաքապետ ընտրվելուց հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում լիարժեք աշխատել այս պաշտոնում. արդեն երկրորդ անգամ ընդդիմադիրները բոյկոտում են ավագանու նիստը: