Իրաքի Սալահ էդ Դին նահանգում խաղաղ բնակիչներով ավտոշարասյունը պայթել է ճամապարհի եզրին տեղադրված ականների վրա, ինչի հետեւանքով 18 մարդ է զոհվել, չորսն էլ վիրավորում ստացել, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցչին։

Նրա խոսքով, այդ խաղաղ բնակիչները փախչում էին ԻՊ կողմից օկուպացված շրջաններից ու իրաքյան ոստիկանության ուղեկցությամբ ուղեւորվում էին ՝ Սալահ էդ Դին նահանգի վարչական կենտրոնի մոտ գտնվող ժամանակավոր ճամբար։ Սակայն ճանապարհին ավտոշարասյունը պայթել էր ճանապարհի եզրին տեղադրված ականների վրա։ Զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, վիրավորում է ստացել նաեւ չորս ոստիկան։

Նշենք, որ հարեւան Նայնավա նահանգի մի մասը առաջվա պես գտնվում է ԻՊ հսկողության ներքո։ Կառավարական ուժերի հարձակումը դանդաղեցնելու ու խաղաղ բնակիչներին փախչելու հնարավորություն չտալու համար զինյալները իրենց ենթակայության տակ գտնվող շրջաններում մեծ քանակության ականներ են տեղադրել։