Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է նոյեմբերի 5-ի ամենամյա ակցիան. ավանդույթի համաձայն, Անոնիմուսների երթին նախորդում է հանրահավաքը Ազատության հրապարակում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: (ֆոտոռեպորտաժ)

Երթի մասնակիցների գլխավոր պահանջն է ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին։ Երթի մեկնարկին Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն ասաց, որ Հայաստանում կա 7 տասնյակից ավելի քաղբանտարկյալ, այդ թվում՝ այս տարվա իրադարձությունների՝ ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով ձերբակալվածները։  

Այնուհետեւ Նոյեմբերի 5–ի գործով դատապարտված Ալեք Պողոսյանի նամակն ընթերցեց նրա որդին: Պողոսյանը կալանավայրից հորդորել է հայ հասարակությանը` պայքարել Հայաստանի ազատության եւ անկախության համար:

«Ինքներս պետք է պայքարենք մեր ազատության համար` դառնալով մեկ բռունցք: Մենք չպետք է հույսներս դնենք ուրիշների վրա, մենք պիտի անենք ինքներս»,- ասվում էր նամակում:

Նշենք, որ հանրահավաք–երթին մասնակցում է նաեւ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: 

Երթուղին հետեւյալն է՝Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց, Նալբանդյան փողոց, ԱԱԾ շենք, կառավարության շենք, ապա Ամիրյան փողոցով վերադառնալու են Ազատության հրապարակ։

Շահեն Հարությունյանը երթի մեկնարկին հայտարարեց, որ քանի որ երթը սակավաթիվ է, իրենք փողոցն ամբողջությամբ չեն փակի, եւ խոստացավ, որ եթե որեւէ նոյեմբերի 5–ի 10–15 հազար մարդ հավաքվի, իրենք կշարժեն դեպի Բաղրամյան 26։

«Ռեժիմի գլխին Շանթ», «Սասնա ծռեր», «Որոշողը մենք ենք», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկում են երթի մասնակիցները։

Հայաստանում առաջին անգամ Անոնիմուսների երթն անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր  ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել: Հայաստանում դատական բոլոր ատյաններում բողոքարկումը ձախողելուց հետո դատապարտվածների փաստաբանները դիմել են ՄԻԵԴ:

Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին  տեղի է ունենում «Անոնիմուսների երթ»՝ քաղաքացիները դուրս են գալիս փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։