Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկած նոյեմբերի 5-ի անոնիմուսների ամենամյա երթը, որն անցկացվում էր քաղբանտարկյալներին ազատելու պահանջով, ավարտվեց առանց միջադեպերի։ (ֆոտոռեպորտաժ)

Արդեն 4-րդ տարին անցկացվող Անոնիմուսների երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով բարձրացան դեպի Կորյունի փողոց, ապա Նալբանդյան, որտեղ էլ մի քանի րոպե կանգ առան ԱԱԾ շենքի դիմաց: Ցուցարարները միջնամատ ցույց տվեցին եւ հայտարարեցին, որ սա Ազգային անվտանգության ծառայությունը չէ, այլ ռուսական ԿԳԲ-ն է, որտեղ հայ քաղբանտարկյալներ են պահվում: Նշենք, որ միայն այստեղ կային երկու շարքով կանգնած ոստիկաններ, երթի մնացած հատվածում ուղեկցող ոստիկաններ, համենայն դեպս՝ ոստիկանական համազգեստով անձինք, չկային: Այնուհետեւ արդեն երթի մասնակիցները քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, օդապարիկներ բաց թողեցին` բացականչելով «ազատություն»:

Ակցիայի մասնակիցներն այնուհետեւ երթով բարձրացան Ամիրյան փողոցով, եւ Մաշտոցի պողոտայով` կրկին վերադառնալով Ազատության հրապարակ:

Նշենք, որ ամբողջ երթի ընթացքում ցուցարարները բացականչում էին` «Ռեժիմի գլխին Շանթ», «Սերժիկ հեռացիր», «Ես Սասնա ծուռ եմ», «Կյուրեղյան եղբայրներ», «Ժիրայր Սեֆիլյան»:

Հայաստանում առաջին անգամ Անոնիմուսների երթն անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր  ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել: Հայաստանում դատական բոլոր ատյաններում բողոքարկումը ձախողելուց հետո դատապարտվածների փաստաբանները դիմել են ՄԻԵԴ:

Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին  տեղի է ունենում «Անոնիմուսների երթ»՝ քաղաքացիները դուրս են գալիս փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։