Մեր հասարակությունում ամենամեծն արդարության դեֆիցիտն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ առաջնագծում հիմնական անապահով ընտանիքների զավակներն են ծառայում։
«Չեմ կարող ասել, որ այսօր դա նկատել եմ, բայց լսել եմ որ այդպիսի ստատիստիկա կա։ Կարծում եմ, որ դա անարդարացի է։ Եթե դա իսկապես այդպես է, ապա ՊԲ հրամանատարները, մենք բոլորս մտածելու եւ ուղղելու անհրաժեշտություն ունենք»,- ասել է վարչապետը։
Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ մեր ազգի լավագույն հատկություններից մեկը գրգռված ըմբոստությանն է անարդարության հանդեպ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին, վարչապետ Կարեն Կարապետյանն Արցախ այցի շրջանակում այսօր եղել է մարտական հենակետերում։




























